26.11.2024
ՀՀ-ում ընտրապայքարն ընթանում է պոպուլիստական խոստումների ֆոնին
prev Նախորդ նորություն

Գործադիրը փորձում է հաղթահարել թոշակառուների և նպաստառուների ծայրահեղ աղքատությունը

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում:


Ըստ այդմ՝ առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար (18000 դրամ) և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը (24000 դրամ), ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։ Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։ Ներկայումս ծերության նպաստի չափը կազմում է 16000 դրամ, 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16000 դրամ։

Կարևորելով ընդունված որոշումը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստում նշեց. «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ: Պետք է լավագույն ջանքերը գործադրենք, որպեսզի այդ պարտավորությունը որքան հնարավոր է արժանապատիվ կերպով իրականացնենք»:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Այն հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։


Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։ Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակում կատարված հաշվարկներում 2019 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։ Նախագծով սահմանվել է նաև, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։