«Մեծ գնահատանքի է արժանի Չիլիի խորհրդարանի ստորին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը: Սա իսկապես խիզախ և ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ է»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքով, հատկանշական է, որ Արցախի ժողովրդի ազատության պայքարն ըմբռնում է գտնում օվկիանոսից այնկողմ. «Նման դիրքորոշումը պետք է վարակիչ լինի, և անհանդուրժողականություն պետք է ցուցաբերվի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ: Չիլին ապացուցեց, որ իրերը կարելի է կոչել իրենց անուններով: Դա է միակ ընդունելի ուղին»,- ընդգծեց Շարմազանովը: Նշենք, որ մայիսի 19-ին Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ադրբեջանի գործողութունները դատապարտող բանաձև է ընդունել, որում Պալատը կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը: