Մամուլի տեսություն. Վարչապետն ու ոստիկանապետը կռիվ են տալիս արտաբյուջեի համար
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։ Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը, բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13,5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։ Համեմատության համար նշենք, որ պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ստանում է ավելի քան 60 միլիարդ դրամ։ Արտաբյուջետային ահռելի գումարը ծախսվում է ըստ էության ոստիկանապետի հայեցողությամբ։ Կառավարությունը, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցանկանում է «վերցնել» Վովա Գասպարյանից այդ գումարը։ Մեր տեղեկություններով, Վ.Գասպարյանին առայժմ հաջողվել է այդ նախագիծը չեզոքացնել ու նման խոշոր արտաբյաջետային գումարը պահել իր ձեռքում»:
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունում որոշակի տարաձայնություններ կան ապագա մարտավարության առումով, մի մասն առավել արմատական պայքարի կողմնակից է, մյուսները կարծում են, թե բզին ձեռքով խփելը ոչինչ չի տա, մանավանդ որ այս պահին քաղաքական դաշտում համախմբում ապահովել իրենց չի հաջողվում։ Ոմանք էլ մտածում են, որ պետք է մոտ-մոտ անել իշխանություններին, որպեսզի հնարավոր լինի անկաշկանդ խաղալ, հետո «կերևա»։ Ընդ որում, բնավ էլ այնպես չէ, որ նորաստեղծ կուսակցությունը Վարդան Օսկանյանի վերահսկողության տակ է. ինչպես ԲՀԿ-ում, այնպես էլ այստեղ հիմնական մոդերատորը Վահե Հովհաննիսյանն է, ով կարողանում է թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ անգամ իշխանությունների հետ լեզու գտնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պանամական փաստաթղթերի գաղտնազերծումից հետո թիրախավորվեց ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Հասկանալի է, որ թիրախում կարող էին հայտնվել հայաստանյան էլիտայից շատ շատերը, քանի որ, իրականում, տարբեր օֆշորներում հաշիվներ ունեն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ: Այդ դեպքում ինչո՞ւ հենց Մ. Պողոսյանը: Թերեւս նրան իշխանության ներսում թուլացնելու խնդիր կար դրված, քանի որ նա համարվում էր Սերժ Սարգսյանի վստահելին, սիրելին եւ անձեռնմխելին: Ու հենց իշխանական շատ խողովակներ էին ջանում թեժացնել Միհրան Պողոսյանի շուրջ բարձրացված աղմուկը, եւ ներսում էլ որոշվեց ԴԱՀԿ ազդեցությունը էապես մեծացրած եւ Հայաստանի ամենահզոր ուժային կառույցներից մեկը դարձրած Պողոսյանի ակտիվությունը կասեցնել: Ինքը՝ Պողոսյանը, սկզբում լռում էր, բայց հետո հրապարակեց փաստաթղթեր՝ ըստ որոնց շվեյցարական այն բանկում, որը նշված էր պանամական փաստաթղթերում, ինքը երբեք հաշիվ չի ունեցել: Եւ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մ. Պողոսյանի դիրքերն այդքան էլ չեն թուլացել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրությունը դեռ չի հասցրել ամբողջությամբ ուժի մեջ մտնել, բայց ՀՀ իշխանություններն արդեն իսկ խախտում են այն: Բանն այն է, որ Սահմանադրության 210 հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հունիսի 1-ից: ԸՕ նախագիծը, ինչպես հայտնի է, մայիսի 17-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Սովորաբար օրենսգրքերն ընդունվում են 3 ընթերցմամբ: Նախատեսվում է, որ մայիսի 25-ին արտահերթ նիստ է հրավիրվելու, որի ընթացքում ԸՕ-ն կընդունվի 3-րդ ընթերցմամբ: Բայց նույնիսկ դա չի փրկում իրավիճակը: Բանն այն է, որ եթե անգամ նույն օրը ԸՕ-ն վազելով հասցնեն նախագահի նստավայր, եւ Սերժ Սարգսյանն այն ստորագրի, ու հաջորդ իսկ օրը այդ փաստաթուղթը հրապարակվի, ապա միեւնույն է՝ Սահմանադրության պահանջը չի կատարվում: «Իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ օրենքները կարող են ուժի մեջ մտնել հրապարակման պահից ոչ շուտ, քան տասներորդ օրը: Այսինքն՝ ամենաարագ հաշվարկներով անգամ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը հինգ օրով խախտում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման եւ հարդարման վրա միլիարդավոր դրամներ ծախսվեցին: Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ շենքի բացումը: Բայց արի ու տես, որ առաջին իսկ ուժգին քամուց հետո, որը արձանագրվեց երեկ, այդ շենքն արդեն սկսեց փլուզվել կամ ավելի ճիշտ` «մերկանալ»: Թեեւ այդ շենքը երեսապատման կարիք ամենեւին էլ չուներ, քանի որ վարդագույն տուֆով երեսապատված էր, բայց անցած տարվա սեպտեմբերին 57,6 միլիոն դրամ ծախսվեց ՀՀ քննչական կոմիտեի շենքը հատուկ շերտով երեսապատելու համար: Եւ, ահա, երեկ Երեւանում մոլեգնած ուժգին քամին պոկեց եւ ջարդուփշուր արեց ՔԿ շենքի երեսապատման մի զգալի մասը` բառի ուղիղ իմաստով քամուն տալով պետբյուջեի միջոցները: Նշենք, որ ինչպես ՔԿ շենքի շինարարությունն ու կահավորումը, այնպես էլ երեսապատումը իրականացրել է «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն, որը կապվում է Կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ: Պաշտոնական փաստաթղթերով, իհարկե, այդ ընկերությունը կապ չունի Հովսեփյանների հետ: Սակայն լուրեր կան, որ իրականում այդ ընկերությունը պատկանում է Հովսեփյանների ընտանիքին, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մշտապես հաջողացնում է բազմաթիվ պետպատվերներ ստանալ»: