25.11.2024
Գործադիրը սահմանեց ԵԱՏՄ-ից և այլ երկրներից ՀՀ ներմուծվող դեղերի կարգերը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պետք է աջակցի Կարեն Ղազարյանի հարազատներին ՄԻԵԴ դիմելու հարցում. Դանիելյան

Ադրբեջանում Կարեն Ղազարյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ խիստ հրատապ է դիտարկվում դատապարտյալի ներկայացուցիչ ազգականներին աջակցելու հարցը՝ առնվազն սեղմ ժամկետում ՄԻԵԴ դիմելու հարցում: Նման կարծիք է հայտնել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը:


«Պաշտոնապես հնչեցվում էին տվյալներ, որ խոսքը հոգեկան առողջության լրջագույն խնդիրներ (այսինքն՝ ամենայն հավանականակությամբ եղել է անմեղսունակ) ունեցող մարդու մասին է, որը նաև չի հանդիսացել զինծառայող և այլն: Այս և նմանաբնույթ դատական ակցիաները, թերևս, հետապնդում են սպանություն կատարած (այդ թվում՝ անչափահասի) ադրբեջանցի դիվերսանտների «համարժեք փոխանակումը» երաշխավորելու նպատակ:


Նախ, պատահական չէ, որ դատավարությունն անսովոր կարճ տևեց, ակնհայտ է հապճեպությունը: Բնորոշ է այն, որ իրենք չափանիշ են ընտրում Արցախում դատապարտված ադրբեջանցիների ազատազրկման ժամկետները՝ 22 տարի և ցմահ, և արհեստական համարժեք մեղադրանքներով մի երկու տարի պակաս սահմանելով՝ 20 տարի, հընթացս փորձում են միջազգային հանրությանը համոզել, թե իրենք անգամ այդ հարցում են ավելի մարդասեր. ծանոթ ձեռագիր է: Այս հարցում հետևողականությունը հրապուրիչ չի դարձնի սահմանում մոլորյալների հաշվին միջազգային վարկանիշ ձեռք բերելը»,- գրել է Դանիելյանը Facebook-ի իր էջում:


Հիշեցնենք, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որով խստորեն դատապարտեց 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման: