ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում: Այս մասին հայտնում են Նախագահական նստավայրի մամլո ծառայությունից:
Նշվում է, որ Սարգսյանը կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս հատնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը և «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:
Սերժ Սարգսյանը, ըստ տարածված հաղորդագրության, ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական և գործնական հիմքերի ձևավորման անհրաժեշտությունը:
«Այդ առումով, նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական և գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք կմշակվեն «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաև այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը», - ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Բորդյուժան Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացված միջոցառումների մասին, ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը: «Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում: