ՀՀ կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի ՆԱՏՕ-ի շաբաթը Երևանում. Ասրյան
Վերջին 27 տարիների ընթացքում ու, հատկապես, վերջին ժամանակահատվածում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ազգակործան գործողությունների հիմնական պատվիրատուն ԱՄՆ-ն է: Հայաստանի համար արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական սերտ համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին հայ և ռուս քրիստոնյա ժողովուրդների, ասել է թե՝ Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու համագործակցությունն են։ Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի տարածած հայտարարության մեջ:
Ըստ նրա, արտաքին քաղաքականություն վարելիս` Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է նմանվի սակրավորի. սակրավորը ականազերծման ժամանակ իրավունք չունի սխալվելու, քանի որ նրա մեկ սխալը ճակատագրական կդառնա.
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունն իրավունք չունի կրկնելու նախկին իշխանությունների արտաքին «և՛-և՛»-ի հայակործան քաղաքականությունը՝ մեկ ոտքով Արևմուտք, մեկ ոտքով Ռուսաստան, այլապես, միանշանակ, կարժանանա ականազերծման ժամանակ կյանքը կորցրած սակրավորի ճակատագրին:
Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին: Մենք անհնարինը պետք է դարձնենք հնարավոր՝ բացառապես նպաստելով ոչ միայն հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանը, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության կատարելիությանը:
Ավելին` Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) հետ»,- նշում է Ասրյանը:
Կուսակցության նախագահը, հիշեցնելով, որ մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելու է «ՆԱՏՕ-ի շաբաթ» ռազմաքաղաքական միջոցառումը, նշում է, որ ՆԱՏՕ կոչվող հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը, արդարության և խաղաղության կեղծ պաշտպանների անվան տակ, իսկ իրականում լինելով ինքնուրույն ազգերի համար որպես կործանիչ դիկտատոր, 24-ժամյա ռեժիմով և անընդհատ, աշխարհում հրահրում և կազմակերպում է նոր պատերազմներ՝ իր արյունոտ ցուցակի մեջ գտնվող հերթական ազգերին գայթակղելով, ենթարկեցնելով, այնուհետև ոչնչացնելով:
««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ մերժում է ՀՀ-ում ՆԱՏՕ-ի գործունեությունը և կոչ անում ՆԱՏՕ-ին՝ անհապաղ հեռանալ Հայաստանից:
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը չեղյալ հայտարարել սույն թվականի մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք «ՆԱՏՕ-ի շաբաթ» ռազմաքաղաքական միջոցառումը:
Ավելին` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ բարձրագույն իշխանությունից` ՆԱՏՕ-ին հեռացնե՛լ Հայաստանից և ՀԱՊԿ-ում ամրապնդե՛լ Հայաստանի դիրքը. սա՛ է առաջնահերթությունը»,- ասված է հայտարարության մեջ: