Կառավարությունը դեմ է ՀՀ դեսպանների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչեւ նշանակվելը կազմակերպել հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։
Կառավարությունը փետրվարի 28-ի իրնիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել, որ Հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների եւ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ ՀՀ դեսպանների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչեւ նշանակվելը:ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
Որպես հիմնավորում նշվում է հետեւյալը.
«Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի «դիվանագիտական ներկայացուցչին նշանակում եւ հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ», ինչը չի նախատեսում ընթացակարգային կամ քննարկման այլ փուլ քան վարչապետի կողմից նախագահին առաջարկություն ներկայացնելը։ Ուստի՝ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացում խորհրդարանի ներգրավվածության օրենսդրական պահանջի գաղափարը կարող է քննարկվել միայն սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության ճյուղերի լիազորությունների տրամաբանության փոխակերպման համատեքստում։
Բացի այդ, դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացին խորհրդարանի մասնակցությունը կարող է որպես հակակշռող եւ զսպող գործոն կիրառվել նախագահական կառավարման ձեւ ունեցող այն հանրապետություններում, որտեղ միանձնյա նշանակողը (նախագահը կամ նախագահի կողմից նշանակված վարչապետը) եւ նշանակումը հաստատողը (խորհրդարանը) ձեւավորվում են միմյանցից անկախ ընտրակարգերով եւ մեկը մյուսի իշխանության աղբյուր չեն հանդիսանում։ Գործադիր իշխանության կադրային քաղաքականության իրականացման խորհրդարանական հակակշռման եւ զսպման մեխանիզմի առկայությունն արդարացված չէ այն պարագայում, երբ գործադիր իշխանության ձեւավորման եւ դրա ղեկավարի ընտրության իրավունքն ինքնին պատկանում է բացառապես խորհրդարանին։
Բացի դրանից պարզ չէ՝ որն է նախքան դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումը արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի անդամների հետ առաջադրված անձանց հանդիպման իրավական հետեւանքը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն նախագծի՝ առաջադրված դիվանագիտական ներկայացուցչի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը ունենալու է սոսկ խորհրդատվական նշանակություն:
Բացի այդ, նախագծով առաջարկվող հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպելու լիազորությունն արդեն իսկ նախատեսված է գործող օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ մշտական հանձնաժողովի լիազորություններից է խորհրդարանական վերահսկողությունը, որի շրջանակներում հանձնաժողովն ազատ է կազմակերպելու նշված հանդիպումները:
Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց,. Որ նման կարգավորումներ կան ուժեղ նախագահական կառավարմամբ երկրներում, իսկ խորհրդարանական երկրներում նման կարգավորման կարիքը չկա, որովհետեւ ԱԺ-ի թիմը եւ կառավարության թիմը նույնն են: