Սահակյանն ու Վանեցյանն այցելել են արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այնուհետեւ Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես հայտնում են Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, այս ամսվա ընթացքում նախագահ Սահակյանի արդեն երկրորդ այցն է Արցախի հարավային ուղղությամբ։
"Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի աստիճան բարձրացումն է, այցին ու դրան հետևած խորհրդակցությանը արցախյան պաշտոնյաներից բացի մասնակցում էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նաև անվտանգության առումով միևնույն համակարգում գտնվող Արցախն ու Հայաստանը, պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը՝ Արցախի, իսկ դա ավտոմատ նշանակում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը շարունակական բարձրացնելու և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավելագույնս ներդաշնակեցնելու համար", - ասված է նրա գրառման մեջ։