Արցախը և ՀՀ-ն պետք է համատեղեն ողջ ռեսուրսը՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար
Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, հիշեցնելով, որ այս ամսվա ընթացքում սա Բակո Սահակյանի արդեն երկրորդ այցն է Արցախի հարավային ուղղությամբ, գրում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի աստիճան բարձրացումն է, այցին ու դրան հետևած խորհրդակցությանը արցախյան պաշտոնյաներից բացի մասնակցում էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նաև անվտանգության առումով միևնույն համակարգում գտնվող Արցախն ու Հայաստանը, պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը՝ Արցախի, իսկ դա ավտոմատ նշանակում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը շարունակական բարձրացնելու և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավելագույնս ներդաշնակեցնելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։