25.11.2024
Նախարար. Օրենսդրությունը թույլ չի տալիս լիարժեք պայքարել մենաշնորհների դեմ
01.09.2016
Նախարար. Օրենսդրությունը թույլ չի տալիս լիարժեք պայքարել մենաշնորհների դեմ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս լիարժեք պայքարել մենաշնորհների դեմ: Նախարարի խոսքով, սակայն, օրենսդրական այդ բացը իրենց ամենևին էլ չի կաշկանդում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: «Նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ՏՄՊՊՀ և միջազգային կառույցների հետ համագործակցելով փորձելու է օրենսդրական փոփոխություններ ներկայացնել արդեն հաջորդ տարի»,- վստահեցրել է Մինասյանը: Նախարարի խոսքով, ձեռնարկված քայլերը այսօր արդեն հնարավորություն են ընձեռել մի քանի ուղղություններով իրականացնել փոփոխություններ: Օրինակ, հնարավորինս մեղմացնել ներդրումների սահմանափակումները, առանձին դեպքերում անգամ վերացնել դրանք, «քանդել» մեծածախ և մանրածախ շղթան, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր արտադրողները դառնում են նաև մանրածախ վաճառողներ՝ այդպիսով շուկայից դուրս մղելով այլ սուբյեկտների, որոնք զբաղված են միայն մանրածախ վաճառքով: Նախարարը հավաստիացրեց, որ այսօր արդեն ավելի հետևողական է հսկվում շուկայում դիրքեր գրավելու գործընթացը, որպեսզի խոչընդոտվի որոշ անձանց կողմից շուկայում որոշակի իշխանություն հաստատելու արատավոր երևույթը: «Ցավոք, չկան լիարժեք լծակներ, որպեսզի դա կասեցվի կամ խոչընդոտվի, իսկ եթե նույնիսկ կան էլ դրանք, ապա այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ պարտադրանքը չի դառնում պետական մարմնի համար որպես պարտադիր գործադրվող նորմ»,- հավելել է նախարարը: Հիշեցնենք, մայիսի 12-ի հայտնի ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտ է անցնել առավել տնտեսող աշխատանքային ռեժիմի՝ կրճատել գործուղումները, վերանորոգումները, ծառայողական մեքենաները։ Նաև նշել էր անհրաժեշտ պայքարը մենաշնորհների դեմ: