Մամուլի տեսություն. Հայաստանը «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 633 միլիարդ 400 միլիոն դրամ, իսկ ծախսերը` 717 միլիարդ 200 մլն դրամ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 միլիարդ 200 միլիոն դրամի չափով, կամ նույնն է, թե 0.3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ Հայաստանի՝ այս տարվա պետական բյուջեի ծախսերն առանց այդ էլ անցած տարվանից զգալի ավել են: Ինչը նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, եւ պետական բյուջեի եկամուտները շարունակեն նվազել, ապա ի վերջո այնպես է ստացվելու, որ պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ է լինելու: Հիշեցնենք, որ պետական բյուջեի պակասուրդը ողջ տարվա կտրվածքով կազմելու է 193 միլիարդ 243 միլիոն դրամ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմն արդեն անեկդոտներ է պատմում նորանշանակ դաշնակցական նախարարի մասին եւ համոզված պնդում է, որ Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ էր։ Խնդիրն անգամ այն չէ, որ նախարարը ոչ մի օտար լեզվի չի տիրապետում եւ զբաղված է լոզունգներ հռչակելով ու պոպուլիստական ելույթներ ունենալով։ Գլխավոր խնդիրն այն է, որ նա չի կարողանում հարաբերություններ կառուցել ոչ վերադասի, ոչ ստորադասի հետ։ Ասում են՝ նրա վարորդը շեֆի աշխատասենյակում նրա հետ սուրճ է խմում եւ պարբերաբար թույլտվություն վերցնում աշխատանքից շուտ «թռնելու» համար։ Նրա քարտուղարուհին «շեֆի շեֆն է», իսկ վարչությունների պետերից մեկը նույնիսկ նրան վարչապետի մոտ է ցանկացել տանել, որ պարզեն՝ «ով է ճիշտ, ով՝ սխալ»։ Ենթակա կառույցների հետ էլ նա չի աշխատում․ դրանք ուղիղ կառավարության եւ վարչապետի հետ են հարաբերվում։ Մի խոսքով, աշխատակազմի կարծիքով, ծույլ ու անտարբեր նախարար Ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանը պատկանող, ՀՀԿ գրասենյակում գործող «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են, որոնց պատճառը հեռուստաընկերության վաճառքն է: Արդեն իսկ կրճատվել են հեռուստաընկերության լուրերի խմբագիր Արթուր Ազարյանը, հաղորդավար Արփի Հարությունյանը: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն վաճառում է «Արարատ» հեռուստաընկերությունը, եւ գնորդն «Արմենիա» ՀԸ հիմնադիր Բագրատ Սարգսյանն է, որն «Արմենիան» վաճառելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ եւ զբաղվում էր US-Armenia հեռուստաընկերությամբ: Մենք տեղեկացանք նաեւ, որ Սարգսյանը տնօրինելու է «Արարատի» զվարճանքային եւ գիտահանրամատչելի բովանդակությունը։ Քարոզչական մասը, մասնավորապես լուրերը, շարունակելու է հսկվել ՀՀԿ-ի կողմից։ Ոմանց կարծիքով, հեռուստաբիզնեսում մեծ փորձ ունեցող Սարգսյանների համար սա հնարավորություն է էժան հեռուստաարտադրանք ստեղծելու եւ այն ԱՄՆ արտահանելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական կրքերն Արթիկում սկսել են թեժանալ, եւ իշխանությունները հասկանալով իրենց թեկնածուի բացերը` գործի են դնում հավանական թեկնածուներին խաղից հանելու կոշտ գործիքներ: Ըստ մամուլում տեւական ժամանակ շրջանառվող լուրերի՝ Արթիկում իշխող ՀՀԿ-ն սատարելու է Անապայում բիզնեսներ ունեցող նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին ու քանի որ գնալով համոզվում են, որ Պետոյանը չունի այն հեղինակությունը, որ կարող է ինքնուրույն քաղաքապետ ընտրվել, սկսել են խաղից դուրս բերել հավանական թեկնածուներին: Մասնավորապես արդեն «շարքից հանել» են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին, որն այլ աշխատանքի տեղավորման խոստման դիմաց այլեւս չի առաջադրվելու քաղաքապետ: Այս օրերին մեծ ճնշումներ են փորձում գործադրել ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի նախկին քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանի նկատմամբ, ով եւս հավակնում է քաղաքապետ ընտրվել: Հարկային մարմինների հետ խնդիներ են ստեղծվել նաեւ գործարար Արտակ Հարությունյանի դեպքում, ում պատկանող ընկերությունում ստուգումներ են սկսվել: Հարությունյանը եւս, ըստ Արթիկի մեր աղբյուրների, քաղաքում հայտարարել է իր առաջադրվելու մասին: Արթիկում շարունակում են համառ լուրեր շրջել այն մասին, որ այս ողջ գործընթացի հետեւում կանգնած է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով ցանկանում է Արթիկի տարածաշրջանից հաջորդ ԱԺ-ում պատգամավոր դառնալ՝ արդեն որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Թեեւ ինքը՝ Ցոլակյանը, դա հերքում է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «Լայֆ» կայքի՝ երեկ հրապարակած նյութի համաձայն՝ «Երեւանի ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ «Երեւան ՋԷԿ»-ի սեփականատերը ՀՀ կառավարությունն է: Ու եթե այդ ընկերությունը ռուսական «Գազպրոմին» պարտք է, նշանակում է, որ Հայաստանն է պարտք: Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանից սկսած ՀՀ կառավարությունը մեկը մյուսի ետեւից հարյուրավոր միլիոն դոլարներ եւ համարժեք գույք հատկացրեց՝ իբր «Գազպրոմի» հանդեպ ունեցած 300 մլն դոլարի պարտքը մարելու համար: Հենց այդ պարտքը մարելու անվան տակ ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 20 տոկոսը տվեց ռուսական կողմին: Արդյունքում «Հայռուսգազարդը» անվանափոխվեց եւ դարձավ «Գազպրոմ-Արմենիա»: «Երեւան ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմին» պարտք լինելու մասին լուրը ուշագրավ է, որովհետեւ Հայաստանի հատկապես էներգետիկ ձեռնարկությունները Ռուսաստանին վաճառելու նախորդ գործարքները համանման ինչ-որ պարտքեր մարելու անվան տակ են իրականացվել: Արդյոք Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ հող են նախապատրաստում «Երեւան ՋԷԿ»-ը վաճառելու համար, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ»-ը «Գազպրոմ-Արմենիայից» փորձեց պարզել, թե ինչ պարտքի մասին է խոսքը, եւ ինչպես է այն գոյացել: Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ-Արմենիայի» հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը պատասխանեց. «Հարցը առնչվում է երկու տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքված պայմանագրից ծագած պարտավորությունների կատարմանը: «Երեւանի ՋԷԿ»-ը իր պարտավորությունների զգալի մասը կատարել է: Վճարային պարտավորությունների մնացած մասի մարման եղանակների շուրջ, իմ տեղեկություններով, ընթանում են համապատասխան քննարկումներ»: Ամեն դեպքում այս իրավիճակը մեր երկրի համար տնտեսական իմաստով դրական տեղաշարժի մասին չի խոսում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ»-ի թղթակիցը Հյուսիսային պողոտայում նկատել էր «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին եւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` միասին զրուցելիս: Այս փաստն ինքնին ուշագրավ է՝ հաշվի առնելով այն լուրերը, ըստ որոնց՝ «Համախմբում» կուսակցության թիկունքում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ժողովուրդ»-ը «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանից փորձեց պարզել, թե Վիկտոր Սողոմոնյանի հետ հանդիպումն ինչ բնույթ է կրել»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. « «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությանը թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում։ Հարց է առաջանում՝ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը սատարու՞մ է, թե՞ ոչ Խանդոյանի թեկնածությանը, քանի որ նա այլեւս գրանցված թեկնածու է՝ հարցրինք Ալեք Ենիգոմշյանին. «Քաղաքական խորհուրդը նման հարց չի քննարկել։ Ես ինքս անձամբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հանգամանքով կոչ էի արել, որ հետ վերցնի թեկնածությունը գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերը, չվերցրեց, եւ ես ասացի, որ դա որեւիցե բան չի նշանակում։ Արայիկ Խանդոյանը մնում է մեր ընկերը, մեր եղբայրը, հերոս է, ոչ մի վերաբերմունքի փոփոխություն նրա նկատմամբ չկա, ինքը մնում է նույն անձը, ինչ եղել է։ Քաղաքական խորհուրդը հատուկ դիրքորոշում չունի այս հարցի կապակցությամբ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։ Հարցին՝ առաջիկայում դիրքորոշում չի էլ ունենալո՞ւ, նա կրկնեց, որ դա քննարկման թեմա չի եղել շարժման խորհրդում։ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ եթե «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը վերաբերմունք չի հայտնում Արայիկ Խանդոյանի թեկնածությանը սատարել-չսատարելու հարցին, դա էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների վերջնարդյունքի վրա։ «Աջակցելն էական փոփոխության չէր բերի։ Առանց քաղաքական խորհրդի աջակցության էլ, եթե ընտրությունները լինեն արդար, ես չեմ կասկածում, որ Արայիկ Խանդոյանը հաղթող դուրս կգա ընտրություններից, որովհետեւ սա համայնքային ընտրություններ են, համայնքի բնակիչների ընտրությունն է։ Ոչ թե նրանք հաշվի չեն առնում քաղխորհրդի տեսակետը, այլ իրենց որոշումը պայմանավորված է Արայիկ Խանդոյանին ճանաչելուց, նրա կերպարն իմանալուց։ Իրենք իրենց աջակցությունը բազմիցս հայտնել են ե՛ւ դատարանների դիմաց, ե՛ւ համայնքում։ Համայնքային ընտրությունում առանց քաղխորհրդի դիրքորոշման իրենք արդեն աջակցում են Արայիկ Խանդոյանին։ Քաղխորհրդի աջակցությունը չեմ կարծում, որ ինչ-որ բան կավելացներ»,- եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը։