Երեւանում ապրիլի 16-ին անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը:
Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը:
Բացման խոսքում ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես կազմակերպության եւ նրա խորհրդարանական ձեւաչափի հիմնադիր անդամ, կարեւորում է տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկի` ՍԾՏՀ ԽՎ շրջանակում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ըստ նրա` ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն ու բազմակողմ համագործակցությունը մեծ նշանակություն եւ արդիականություն են ձեռք բերում:
«Մենք ձգտում ենք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ իրավահավասար եւ միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացմանը: Վեհաժողովի անդամ երկրներն ունեն շատ ընդհանուր նպատակներ, որոնց թվում են խաղաղության, կայունության, բարեկեցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- նշել է Լենա Նազարյանը: Մեր երկրի տնտեսական զարգացման առաջնայնությունների շարքում ԱԺ փոխնախագհն առանձնացրել է նորարարական եւ բարձր, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտները, ենթակառուցվածքային շինարարությունը, ռազմական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ վերականգնվող էներգետիկան: «Անկասկած, տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը: Տնտեսական ինտեգրման զարգացումը եւ տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի կոնսոլիդացիան կարող են լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար»,- նշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալը:
Անրադառնալով Հայաստանի կենսաթոշակային համակարգին՝ Լենա Նազարյանն ընդգծել է, որ այն ներառում է պետական կենսաթոշակային ապահովությունը, կուտակային եւ կամավոր կենսաթոշակային բաղադրիչները: Նա տեղեկացրել է, որ վերջին տարիներին պետական կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող միջոցառումներն ուղղված են եղել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի կատարելագործմանը` կենսաթոշակների, նպաստների նշանակման եւ վճարման գործընթացում առկա ռիսկերը նվազեցնելուն, ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելուն, կենսաթոշակների եւ նպաստների նշանակման ու վճարման գործընթացի վարչարարությունը պարզեցնելուն: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում ԵՏՄ անդամ պետությունների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքելու ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանը եվրոպական երկրների հետ պարբերաբար քննարկում է կենսաթոշակային ապահովության բնագավառին առնչվող խնդիրներ:
Լենա Նազարյանը համոզմունք է հայտնել, որ երեւանյան նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ քննարկումները կնպաստեն կազմակերպության վարկանիշի հետագա բարձրացմանն ու ավելի գործնական արդյունքներ ունենալուն:
Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները ներկայացրել է հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը: Բանախոսը տեղեկացրել է, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովում, կուտակային եւ կամավոր կենսաթոշակների տրամադրման բաղադրիչ:
Անուշ Բեղլոյանն ընդգծել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում նվազագույն կենսաթոշակը կազմում է 25500 դրամ: ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսվում է նաեւ պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափը:
Ռուսաստանի կենսաթոշակային համակարգը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բոկովան:
Ամփոփելով ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ Թուրքիայի ներկայացուցիչ Մետին Գյունդոգդուն նշել է, որ քննարկումները միտված էին կենսաթոշակային համակարգերի բարելավմանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սերբիայում: