4.10.2024
«Լուսավոր Հայաստանը» մեղադրեց կառավարությանը գաղափարագողության մեջ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պետք է միանա Մեծ Մերձավոր Արևելքում Իրանի լոգիստիկ ծրագրերին

Սիրիան, Իրաքը և Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղային ճանապարհները մեկ միասնական ցանցի մեջ. այս հարցով նախատեսվում է հանդիպում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի տրանսպորտի նախարարության աղբյուրը:


Աղբյուրը հստակեցրել է, որ մինչ ճգնաժամը Սիրիան իրականացրել է նախագծի 97%-ը, սակայն պատերազմի ժամանակ ճանապարհի զգալի մասը քանդվել է: Իրաքում մնացել էր կառուցել մոտ երկու կիլոմետր երկաթուղային ճանապարհ: Իրանը և Իրաքը ծրագրում են, որ երկրների երկաթուղային ճանապարհի հանգույցը կանցնի իրաքյան Բասրա քաղաքով:


Հարավային Կովկասի երկրները նույնպես կարող են օգտվել տվյալ նախագծից: Խոսքն առաջին հերթին Իրանին հարևան ՀՀ-ի ու Ադրբեջանի մասին է: Ի տարբերություն ՀՀ-ի, որը դեռ չի սկսել Իրան-Հայաստան երկաթծի շինարարությունը, որի մասին խոսակցությունները շարունակվում  են արդեն 5 տարուց ավելի, Ադրբեջանը կառուցել է Իրան-Ադրբեջան երկաթգիծն ու հնարավորություն է ստացել Իրանի տարածքով դուրս գալ Իրաք, Սիրիա և Միջերկրական ծովի նավահանգիստներ:


ՀՀ-ն չպետք է հետ մնա Ադրբեջանից Իրանի ուղղությամբ իրականացվող ռազմավարական ծրագերում և պետք է օպերատիվ կերպով ավարտին հասցնի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը հնարավորություն կտա հայկական կողմին դուրս գալ Իրան ու օգտվել երեք երկրները՝ Իրան-Իրաք-Սիրիա միավորող երկաթգծից: Հայաստանի համար կարևոր է ունենալ ներկայություն թե՛ Իրանի հյուսիսում, որտեղ ուժեղ են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը, թե՛ Իրաքում և Սիրիայում: Իրաքում, հատկապես Իրաքյան Քրդստանում, առկա է հայկական համայնք, իսկ Սիրիայում ու Լիբանանում հայկական համայնքներն ունեն թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմավարական նշանակություն՝ ընդդեմ Թուրքիայի նեոօսմանական քայլերի:


ՀՀ նոր կառավարությունը պետք է մտածի ու գործի ավելի գլոբալ ու ներքաղաքական մանր խնդիրներից անցում կատարի տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը: Որքան էլ բարդ լինի տնտեսական և ֆինանսական վիճակը, Իրանի ուղղությամբ լոգիստիկ նախագծերն ունեն ռազմավարական, կենսական նշանակություն ու ՀՀ-ի համար կյանքի երկրորդ ճանապարհն են՝ Հայաստան-Վրաստան ճանապարհից հետո:


Եթե Իրանը ցանկանում է շիական առանցքում ստեղծել լոգիստիկա՝ երկաթգիծ, ճանապարհներ, խողովակաշարեր, ապա ՀՀ-ն էլ պետք է օգտվի բարեկամ Իրանի ռազմավարական ծրագրերից՝ Մեծ Մերձավոր Արևելքում առկա հայկական համայնքների հետ կապը սերտացնելու ու նրանց հետ տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու համար:

Ապրիլին 8% ավել ավտոմեքենա է ներմուծվել ՀՀ. մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում