Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: