Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 7.3 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Ըստ դրանց, 2019-ի մայիսին 2018-ի մայիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10.2 տոկոսով, շինարարության ծավալը՝ 2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 4.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 14.8 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.2 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 3.9 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 11.7 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 10.5 տոկոսով:
Իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա մայիսի նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 1 տոկոսով: