ԱԺ նախագահն առաջարկեց ինքնավար մարմինների ձևավորման հարցում կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ինքնավար մարմինների ձևավորման հարցում կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը:
Ըստ նախագծի առաջարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:
Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 33 դեմ ձայներով: Դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը հայտարարեց, որ սրանով ակնհայտ փորձ է արվում ընդլայնել ընդդիմության լիազորությունները, բայց կարգավորումներում առկա է խնդիր, և այդ խնդիրների ու մտահոգությունների վերաբերյալ մենք ներկայացնում ենք գրավոր գաղափարներ։
«Նախագիծն ունի դրական նպատակ, բայց մտահոգություն ունենք, որ ընդդիմության համար միասնական թեկնածու ներկայացնելը շատ խնդրահարույց է»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ թափուր պաշտոններում, բացառությամբ այդ մարմինների առաջին կազմերի, թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականությամբ վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա ԱԺ-ի կառավարող, ապա ընդդիմադիր խմբակցություններին: