Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:
Նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ այսպիսով բավարարելով դատախազության եւ տուժող կողմի ներկայացված բողոքը:
Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ եւ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքն Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ:
Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները բոյկոտել էին դատական նիստը: "Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին", - ասված էր Քոչարյանի պաշտպանական խմբի այսօր տարածած հայտարարությունում։