2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին, ի պատասխան «Ազատության» հարցման, այսօր տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը։ Աղբյուրը հիշեցնում է, մարտի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր Հայաստանի շուկայում անորակ նավթամթերքի առկայության մասին՝ հավելելով. - «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա [անորակ նավթամթերքի] պատճառով»: «Ազատության» մեկ այլ հարցին, թե արդյո՞ք դատախազության վարույթում քննվում է որևէ գործ` կապված 2016 թվականի ապրիլին վառելիքի անորակ լինելու պատճառով հայկական զինտեխնիկայի չգործելու կապակցությամբ, դատախազությունից պատասխանել են. «2016 թվականի ապրիլ ամսին ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, հանգուցյալ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայր` Գևորգ Առաքելյանը ԶԼՄ-ներում հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են դիզվառելիքի փոխարեն տանկերի բաքերում ջուր լինելու, ինչպես նաև տանկերի էլեկտրական մարտկոցների բացակայության դեպքեր, որի կապակցությամբ ՊԲ համապատասխան զրահատեխնիկան ժամանակին չի կարողացել մեկնել մարտական գործողությունների վայր: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, հերքվել են և որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին»։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ Բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումների դեպքեր, ներառյալ 2016 թվականին, չեն արձանագրվել: