27.11.2024
Մամուլի տեսություն. Սամվել Բաբյանից հետո կարող է ձերբակալվել նաև Սեյրան Օհանյանը
23.03.2017
Մամուլի տեսություն. Սամվել Բաբյանից հետո կարող է ձերբակալվել նաև Սեյրան Օհանյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները: «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ և այլ գործերում ներգրավվածություն կլինի: Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ: Ըստ նույն շրջանակների, եթե Օհանյանը ներգրավված չլինի «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ներկրման գործում, ինչի կասկածանքով երեկ ձերբակալվել է Սամվել Բաբայանը, ապա դա կարվի զինված խմբի գործով: Երեկ մենք փորձեցինք Սեյրան Օհանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք իրավապահ մարմինները նաև իր հետևի՞ց կգան. պաշտպանության նախկին նախարարն անպատասխան թողեց մեր հարցը: «Մնացած հարցերին ես կարող եմ պատասխանել պարզաբանելուց հետո»,- ասաց նա»: «Հրապարակ» թերթը գրում է. «Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր: Վերջին օրերին մինչև ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր և բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից: Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»: Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ԱԱԾ–ն ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա–հրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակում, «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ չէր կարող առնչություն ունենալ ո՛չ «Իգլա» բերելու, ո՛չ «Սասնա ծռեր– 2» կազմակերպելու հետ: Նշենք, որ ըստ ԱԱԾ–ի՝ դեպքի առթիվ երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 2–րդ մասի և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով։ Նշենք նաև, որ երեկ ձերբակալվել է ևս 2 անձ։ Այս մեղադրանքով Սամվել Բաբայանին սպառնում է 2–6 տարվա ազատազրկում: Ներկայացնում ենք «Փաստ»–ի զրույցը «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ: – Պարոն Մելքոնյան, ձերբակալված Սամվել Բաբայանը կամ «ՕՐՕ» դաշինքը կարո՞ղ էին առնչություն ունենալ «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրի արձակման խողովակ բերելու հետ: – Սամվել Բաբայանը բանակում չի աշխատում, որ «Իգլայով» զբաղվի: Ունենք պաշտպանության նախարար, ինքը պետք է զբաղվի «Իգլա» բերելով: Էս երկրում կարան ծառին բռնաբարութան հոդված դնեն, կալանավորեն: Էս երկիրն էդ վիճակում ա: Նույն ձևով կարան ասեն՝ Սամվել Բաբայան, դու «Իգլա» ես բերել: «Իգլան» ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանի հետ, ես զարմանում եմ ուղղակի: Իշխանությունը ցայտնոտի մեջ ա: – Իսկ ԱԱԾ–ն «ՕՐՕ» դաշինքի մյուս անդամների, օրինակ, Ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերե՞լ է: – Բայց «Իգլան» ի՞նչ կապ ունի մեր հետ: Ո՛չ տանկի հետ գործ ունենք, ո՛չ սամալյոտի հետ, ո՛չ «Իգլայի» հետ: Մենք դուրս ենք եկել պայքարի, համապետական ընտրություն է, ուզում ենք ընտրություններով ինչ–որ բան փոխենք: Էստեղ «Իգլայի» խնդիր չկա, պատերազմի խնդիր չկա: – Կարծում եք՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է Սամվել Բաբայանի նկատմամբ: – Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում: Կարո՞ղ է Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են, «Իգլան» ո՞ւմ համար են բերում: – Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դաշինքի այլ անդամի, օրինակ, Սեյրան Օհանյանին ձերբակալեն: – Մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է: – Դուք այժմ ի՞նչ եք պատրաստվում անել: – Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք: Ողղակի ամբողջ ազգը Հանրապետականին դեմ ա, չի ընդունում ՀՀԿ–ին, հիմի իրանք ինչ–որ բան են ուզում անեն, էդ ի վնաս իրանց են անելու, միանշանակ: Բռնապետություն ա դարձել արդեն, ինչի՞ մասին ա խոսքը: – Մամուլն այսօր գրել է, որ Սամվել Բաբայանը ծրագրել է «Սասնա ծռեր–2» կազմակերպել ու իշխանությանը դա հայտնի է դարձել: – Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը կազմակերպել, Նորքի դեպքերն էլ: Էդ լրիվ իշխանության կազմակերպածն ա: Էդ բոլոր գործերը թողել են օդի մեջ, որ վաղն ով որ իշխանությանն ասի՝ էս ժողովրդին տեր կանգնեք, երկրին տեր կանգնեք, կալանավորեն: Ասեն՝ դուք «Սասնա ծռեր–2» եք, «Սասնա ծռեր–3» եք, Նորքի հանցախումբ եք: Էս ա ամբողջ սցենարը: Թե չէ Բաբայան Սամվելն ի՞նչ կապ ունի «Սասնա ծռեր–2–ի» հետ, կամ էս երկրում կարա՞ «Սասնա ծռեր 2–3» լինի, երբ 3–ից 2–ը կամ ԿԳԲ–ում են գրանցված, կամ ոստիկանությունում: Ո՞նց կարա էս երկրում «Սասնա ծռեր 2» լինի, երբ որ «Սասնա ծռեր 1–ը» իշխանությունն է սարքել մեր գերազանց տղերքի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով, որոնք էլ հայտնաբերվել ու առգրավվել են: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ, որոնցից մեկն էլ Սամվել Բաբայանն է: Ըստ ԱԱԾ-ի՝ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով: Իսկ թե ովքեր են եղել «Իգլա» տեղափոխող մյուս երկու անձինք, ԱԱԾ-ն հույժ գաղտնի է պահում: Որ կատարվածն իրականում քաղաքական ենթատեքստ ունի, որևէ կասկած չի հարուցում: Ի վերջո, բավական է միայն նշել, որ Սամվել Բաբայանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային ղեկավարն է, և ձերբակալությունը կապ ունի ընտրությունների հետ: Ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն՝ Սամվել Բաբայանին դրսից ինչ-որ ուժերի կողմից առաջարկվել էր ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո բողոքի ալիք կազմակերպել, իրադարձությունները տանել սրման և անկարգություններ հրահրել: Ու Բաբայանի ձերբակալության բուն պատճառը հենց հետընտրական նման զարգացումները կանխելն է եղել: Ասել է, թե իշխանությունները փորձում են քաղաքական հակառակորդներին այսպես զսպել: Բայց չեն խորշում եվրոպական իրենց գործընկերներին համոզել, թե «մաքուր ընտրություններ» են անցկացնելու»: «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կտրուկ արգելել են քարոզչությանը մասնակցել Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Կարեն Ավագյանին։ Նրանք իրավունք չունեն վարչապետի գլխավորած թիմի հետ մասնակցեն ՀՀԿ-ի քարոզչությանը։ Ըստ ներքին ուսումնասիրության՝ այդ երեք ՀՀԿ-ականների նկատմամբ հասարակական դժգոհությունն այնքան մեծ է, որ նրանց միայն հայտնվելը ՀՀԿ-ի զանգվածային միջոցառումներին կարող է շատ մեծ բացասական հետեւանքներ ունենալ ՀՀԿ-ի համար։ «Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ «ընդունելությունը» կազմակերպել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործող վարչապետին անհարմար իրավիճակում դնելու համար, որի պատճառը շատ խորքային է: Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանի հոր հուղարկավորության համար Հայաստան եկած ռուսաստանաբնակ քրեականների մոտ Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Գագիկ Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին, որից հետո վերջիններս որոշել են, որ Կարեն Կարապետյանի հետ ընտրություններից հետո ահավոր «բազառ» է լինելու»: «168 ժամ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանը տարօրինակ դրության մեջ է հայտնվել։ Լինելով ամենաազդեցիկ արտաքին ուժը, գլխավոր բանակցողն ու շահագրգիռ կողմը՝ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին՝ դրանով իսկ ակտիվ պահելով հակամարտությունը։ Սակայն կան նաև տարբեր ռուսական շահեր։ Ես կասեի, որ ռուսական անվտանգության և ռազմական մարմինները հետաքրքրված են ստատուս-քվոյի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռության պահպանման հարցում։ Մյուսները, ինչպիսին բիզնես էլիտան և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, հակամարտության կարգավորման հնարավորություններ են տեսնում՝ հավատալով, որ խաղաղ կարգավորում կարող է ձեռք բերվել, ինչը կընդլայնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում՝ բացելով կոմունիկացիոն կապերը»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող, եվրոպացի փորձագետ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և ռուսական շահերին։ Նրա կարծիքով՝ ռուսական գործոնի գլխավոր պարադոքսն այն է, որ Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը՝ վաճառելով սպառազինություն երկու կողմերին, սակայն չունի շահ նոր հակամարտության բռնկման մեջ։ «Կարճ ասած, չափազանց շատ են ռուսական շահերը միայնակ հակամարտության կարգավորումն ապահովելու նպատակով։ Մյուս միջազգային խաղացողներն անպայմանորեն պետք է ներգրավվեն»,- ասել է դե Վաալը»: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: «Ժողովուրդ»-ն էլ երեկ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք վատ չի՞ զգում Աբրահամյանների դեմ աշխատելու համար. «Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար…Ես որևիցե վատ բան չեմ անում: Իմ կուսակցության համար եմ անում»: Բայց չէ՞ որ Ձեր ստացած պաշտոնների համար հենց Աբրահամյանին եք պարտական. շարունակեցինք հետաքրքրվել: Այս հարցին Սարգսյանը պատասխանել է. «Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞»: