ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պահպանել ամենաբարձր դրական վարկանիշը որպես քաղաքական գործիչ: Նրա իմիջը սկսել է ազդել նաև Հանրապետական կուսակցության վարկանիշի վրա։ Այս մասին հայտարարել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները: Կարեն Կարապետյանի գործունեությունը «լիովին դրական» է գնահատում հարցվողների 25,1%-ը, «ավելի շուտ դրական»՝ 55,5%-ը: Հարցված քաղաքացիների 82,8 %-ն ընտրություններից հետո ցանկանում է կրկին վարչապետ տեսնել Կարեն Կարապետյանին: Հարցվածների 59,4%-ը դրական է գնահատել կառավարության վերջին վեց ամիսների գործունեությունը՝ վարչապետից սպասումները 62,2%-ի մոտ արդարացել են: Արման Նավասարդյանը նաև նշել է, որ հարցումներ են արել կուսակցությունների վարկանիշի վերաբերյալ և նախորդ հարցման համեմատ Հանրապետական կուսակցության ցուցանիշը մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշից: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի մասնակցությունն է դրան նպաստել: «Նրա իմիջը միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա, և գրանցել են ավելի բարձր ցուցանիշներ»,-ընդգծել է բանախոսը: