27.11.2024
Վարչապետը՝ Ծառուկյանին. Եթե մեր երկիր փող չմտավ՝ դառնալու ենք չորացված չիր
27.03.2017
Վարչապետը՝ Ծառուկյանին. Եթե մեր երկիր փող չմտավ՝ դառնալու ենք չորացված չիր

Այս տարի Գյումրիում լինելու են 41-45 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ՝ 30-ից ավելի ծրագրերով և 2000 աշխատատեղի ստեղծմամբ: Այս մասին Շիրակի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա նշել է, որ Գյումրու Շիրակ օդանավակայանում իրականացվում է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն ԱՄՆ դոլարը ներդրվելու է այս տարի և մոտ ժամանակներս օդանավակայանում թռիչքներ կիրականացնի նոր ավիաընկերություն: Բացի այս, Թումո ընկերությունը նոր կենտրոն է բացելու, սկսվել է Կումայրի մշակութային կենտրոնի վերականգնման ծրագիրը. «Մենք ստեղծել ենք հատուկ ֆոնդ, որի ներդրումային արժեքը 10 մլն ԱՄՆ դոլար է: Այն ոչ միայն նրանով է հետաքրքիր, որ ըստ մեր գնահատականի, 500-700 աշխատատեղ է ստեղծելու, այլ նաև առաջին անգամ նոր մշակույթ է բերելու Գյումրի, որտեղ լինելու է մասնավոր կապիտալ, կենսաթոշակային ֆոնդ, ապահովագրական ֆոնդ և ենթակառուցվածքներ»,- նշել է վարչապետը: Խոսելով 6 ամսվա կատարված աշխատանքի, կառավարության ծրագրի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն ամբողջությամբ կատարված է: Վարչապետը ներկայացրել է կառավարման, տնտեսական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների ընթացիկ արդյունքները. «Նախ և առաջ, մենք փոխել ենք կառավարման թիմը, հստակ ազդակ ենք տվել, թե կառավարական էլիտան, պաշտոնյաներն ինչ կեցվածք պետք է ունենան: Մենք անցնում ենք ավելի ճկուն և պրագմատիկ որոշումների կայացման: Մենք հիմնովին, շատ ռադիկալ բարեփոխումներ ենք սկսել տարածքային կառավարման մեջ: Հայտարարել ենք, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն օր իր վրա աշխատի: Առանց էլիտայի մտածելակերպի փոփոխության չենք կարող մեր երկիրը փոխել: Տնտեսական ոլորտում մոնոպոլ, գերիշխող դիրք ունեցող մատակարարների խնդիրը սկզբունքորեն լուծել ենք: Մենք իջեցրել ենք գազի և էլեկտրաէներգիայի սակագները»,- թվարկել է նա: Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև այլ քաղաքական ուժերի  կողմից այս շրջանում հնչող ծրագրերին, մասնավորապես գյուղոլորտում վարկերի տոկոսադրույքների բարձր լինելու խնդրին: «Ճիշտ է՝ ոլորտում վարկերի տոկոսադրույքն այսօր նպաստավոր չէ վերարտադրման համար: Մեր կառավարման ընթացքում մենք 4 անգամ վերաֆինանսավորման տոկոսը նվազեցրել ենք, և այսօր շուկայում էժան տոկոսով փող է առաջացել, որը հետագայում էլի է էժանանալու: Անընդհատ հնչում է, որ կգանք, բանկի տոկոսները կնվազեցնենք: Տեսեք՝ այսօր տրվող վարկի 100 դրամից 91 դրամը մեր փողն է, որը ավանդով դրել ենք, 9 տոկոս փողն է դրսից բերված: Եվ ինչ գնով մեր փողն ավանդ ենք դնում, այդ գնից ելնելով՝ բանկն իր տոկոսն է դնում: Եթե մենք բանկի տոկոսները դիրեկտիվ, ադմինիստրատիվ իջեցնենք, չնայած նման բան չի լինում, մեր ժողովրդի ավանդների փողն ուրիշ տեղ է գնալու, և դրսից էլ փող չի գալու: Եթե մեր երկիր փող չմտավ, դառնալու ենք չորացված չիր, ավելի ենք չորանալու, որ վաղը գցենք ջրի մեջ, չի կարողանալու փափկել: Մենք չենք կարող բանկին՝ մասնավոր հիմնարկին, տոկոսի չափ պարտադրել, բայց մենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամով, «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամով շուկա ենք բերելու էժան փող: Էժան փողի առկայության պարագայում մրցակցությունը բերելու է նրան, որ բանկն ինչ ուզենա՝ չկարողանա անել», - նշել է ՀՀԿ առաջին նախագահի տեղակալը: Հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերում ամրագրված է, որ վարկային տոկոսադրույքը պետք է նվազի: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարզերում իր հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ այն տոկոսադրույքը, որ գործում է ներկայումս՝ 20-30 տոկոս, չափազանց բարձր է և իրենց ծրագրի կյանքի կոչման դեպքում այն կդառնա 3-5 տոկոս, որպեսզի «ժողովուրդը կարողանա շունչ քաշել»: