«Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք պիցցա, հյութ և ջուր են տարել ընտրատեղամասեր
«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։
«Կոնկրետ տեղեկություններ ստացել ենք վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր ենք ստանում, որ դա համատարած է»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ընդգծում է, որ դաշինքի ներկայացուցիչները օրենք չեն խախտել տեղամասեր սնունդ տանելով:
«Վստահված անձիք եւ հանձաժողովի անդամները գրեթե 24-ժամյա ռեժիմով աշխատում են: Հասկանալի է, որ իրենց սնունդ պետք է հասցվի: Տվյալ դեպքում փոխարինող վստահված անձը տեղամաս է տանում սնունդ՝ պիցցա, ջուր, հյութ, որ ոչ սովամահ լինեն, ոչ էլ ջրազրկվեն: Բոլոր ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը իրենց վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին սնունդով ապահովել են:
Ինչի՞ համար, որպեսզի մարդիկ կարողանան տեղամասից դուրս չգալ, մնալ տեղամասում, իրենց պարտքը կատարել եւ նաեւ կարողանան սնվել: Տվյալ դեպքում մեր դաշինքը իր վստահված անձանց ուղարկում է պիցցաներ»,- ասաց նա: