Երեւանն ընտրում է. ժամը 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ
Ժամը 9:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:
Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում:
Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը:
Միջադեպերի մասով դիտորդը տեղեկացրել է, որ Կենտրոնի 9/48 ընտրատեղամասում քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների հետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի հետևում է տեղադրվել գրատախտակ):
Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: