Այս ընտրությունները շատ մեծ տարբերություն չունեն նախորդներից. Բաբլոյանը քվեարկեց
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 4/53 ընտրական տեղամասում: «Միանշանակ քվեարկել եմ հանուն Երևանի, հանուն զարգացման, առաջընթացի: Հանուն նրա, որպեսզի մենք լավ մայրաքաղաք ունենանք: Չեմ ասի, որ այս ընտրությունները շատ մեծ տարբերություն ունեն նախորդներից, սակայն ինձ համար կարևոր դեր ունի հանդուրժողականությունը ընտրական գործընթացում»-լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քվեարկելով իրենց դաշինքի օգտին, քվեարկում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար՝ Բաբլոյանն ասել է, որ դրանք միմյանց հետ որևէ կապ չունեն։
Այսօր Երեւանն ընտրում է ավագանի, որն էլ իր հերթին պետք է ընտրի քաղաքապետ: Ընտրապայքարին մասնակցում են 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և ութ կուսակցություն: Ֆավորիտը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը` Հայկ Մարությանի գլխավորությամբ: Ըստ հարցումների` երկրորդ տեղում կարող է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Երևան քաղաքում ընտրողների թիվը 853.390 է: