Արցախից պաշտոնապես հերքում են տեղեկություններն առ այն, իբր ՀՀ կառավարությունը մերժում է Ստեփանակերտին բյուջետային ֆինանսական աջակցություն տրամադրելը: Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց», - ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ politik.am կայքը «որոշակի մանրամասներ» էր հայտնել Արցախում տեղի ունեցած քննարկումներից։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարության ֆինանսական աջակցության դիմումները։ Հայաստանի կառավարությունից հասկացրել են, որ փող չի լինի, քանի դեռ Վիտալի Բալասանյանը շարունակում է պաշտոնավարել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Արցախի իշխանություններից մեր աղբյուրները պնդում են, որ Հայաստանի կողմից առաջին անգամ է իրենց նկատմամբ ֆինանսական պատժամիջոց գործադրվում։ Արցախի պաշտոնական շրջանակները անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ Փաշինյանը ապացուցել է, որ իր անձնական ամբիցիաների համար պատրաստ է վտանգել նաև Արցախի անվտանգությունը», - ասված էր լուրում։