7.06.2025
ՀՀ-ում կարևորում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն առկա ձեւաչափերում
13.06.2019
ՀՀ-ում կարևորում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն առկա ձեւաչափերում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 12-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից: Հյուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների տեսակետներին: Ռոզարիա Պուլյիզին ներկայացրել է մեր երկրում ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող ծրագրերը՝ փաստելով, որ դրանք կյանքի են կոչվում համաձայն տվյալ երկրի պահանջարկի: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնումը գոյություն ունեցող ձեւաչափերում, ընդգծել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանն արժեւորել է օրենսդրական մակարդակում նախաձեռնությունների իրագործումը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն է եւ ուրույն դեր ունի ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում: Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է իրենց խմբակցության՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը արդարադատության ոլորտի բարեփոխումների, վեթթինգի գործընթացի, տնտեսական հեղափոխության իրականացման, հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ խնդիրների հաղթահարումը պետք է իրականացվի համադրության ճանապարհով. դատական ոլորտի առողջացմանը զուգընթաց կառավարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական ու սոցիալական բեկումնային փոփոխություններ իրագործելու ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է տնտեսական գրավչության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում մրցունակության ապահովումը, հանքարդյունաբերական քաղաքականության վերանայումը, ներդրողների համար ընթացակարգերի պարզեցումը եւ արտոնությունների սահմանումը, ազատ տնտեսական գոտիների ձեւավորումը, որի նպատակն է օտարերկրյա ներդրումների խթանումը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ուղղությունները մի շարք ոլորտներում: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը : Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ խմբակցության ղեկավարը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, անցումային արդարադատությանը: Լիլիթ Մակունցը կարեւորել է կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումը, ինչպես նաեւ չկոռումպացված եւ վստահելի դատական համակարգ ունենալը: Նույն օրը Ռոզարիա Պուլյիզիի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը: Էդմոն Մարուքյանը ներկայացրել է խմբակցության տեսակետն անցումային արդարադատության, դատավորների նկատմամբ վեթթինգի կիրառման, տնտեսական հեղաշրջման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: