Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: «Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- ասված է նախարարի հայտարարության մեջ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը: Նա մարտի 13-ին կվերադառնա աշխատանքի՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հասկանալու համար։ «Վաղը կրթական համակարգը չի աշխատի»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ վաղը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրելու, արդյունքում այլ միջոցառումների մասին նույնպես կհայտարարեն։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչական միջոցառումները ևս տեղի չեն ունենա։ «Կոչ եմ անում պահպանել հանդարտություն, պահպանել կորոնավիրուսային հիգիենայի կանոնները, որ հորդորում է առողջապահության նախարարությունը»,- ասաց վարչապետը։ VERELQ-ը հիշեցնում է, որ այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6-ի: