Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,- գրել է փոխվարչապետը Facebook-ի իր էջում։