Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ. նա պահանջում է վերականգնել ԼՀԿ-ին բաժին հասած մեկ մանդատը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։
Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք»:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: