Մինչ Ազգային ժողովում կրքեր են բորբոքվում ՍԴ վերաբերյալ նախագծի շուրջ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել կառույցի հիմնադրման 24-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է ՀՀ Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը: Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել եւ շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում: Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարեւոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջեւ հավասարության սկզբունքի իրացմանը եւ դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը: Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարեւորագույն փաստաթուղթ եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով»: VERELQ-ը հիշեցնում է, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել հանրաքվեի: