Առաջին փուլով 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: «Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս հայտնեց, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն: Այնուհետ մասնակիցներին «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը ներկայացրին հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվեցին: COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ», - ասված է հայտարարության մեջ: