Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև
Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
"Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցմումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է, դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով. Հենց այդ օրակարգով ենք մեկնում Ժնև",- ասաց նա:
Իսկ այն րոպեներին, երբ ընթանում է ասուլիսը, տեղեկացրեց Նաղդալյանը, տեղի է ունենում արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի Սեյեդ Աբաս Արաղչիի հետ։
"Այս հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող եմ տրամադրել հանդիպման ավարտից հետո",- ասաց նա: