Ադրբեջանը չունի ոչ իրավական հիմքեր, ոչ էլ լեգիտիմ պատճառներ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար: Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Բնականաբար, ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես Հայաստանի սահմանակից երկրում, առաջացնում է մտահոգություններ, որը կարող է ընդհանուր առմամբ լարել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակմանը, ես պետք է շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի որևէ պատճառ և լեգիտիմություն նման գործողություն սկսելու համար», – ընդգծեց պատգամավորը։ Խանդանյանը հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ «Հայաստանը աշխատում է, և շարունակվում են բանակցություններն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար»,- ասաց նա։ Հարցին, թե ինչպիսի՞ն է ռազմական գործողությունների հավանականությունը այս փուլում, Խանդանյանը պատասխանեց․ «Ես նման գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ նորից կրկնել՝ ագրեսիայի որևէ առիթ, պատճառ և լեգիտիմություն չկա»։