14.05.2025
Մի՛ արթնացրեք քաղաքական ցունամին. Փաշինյանը սպառնաց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
01.05.2018
Մի՛ արթնացրեք քաղաքական ցունամին. Փաշինյանը սպառնաց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնել են վարչապետի ընտրությունը տապալելու գործընթաց: Հայտնի տանդեմը համաժողովրդական շարժումը կասեցնելու և իշխանության վերադառնալու ցանկություն ունի, իսկ դրա համար հայտնի է գործիքը՝ ֆիզիկական ուժ և կոմպրոմատներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:Նա դիմեց նրանց.«Պարոնայք, դուք չեք հասկանում և շարունակում եք չհասկանալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Զգուշացնում եմ, որ այդ փորձերը կարող են բերել անցանկալի և անդառնալի հետևանքների: Ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»,- նշեց Փաշինյանը: Հաջորդ հորդորը ՀՀ քաղաքացիներին էր ուղղված.«Դուրս եկեք փողոց, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ. դուրս եկեք փողոց և ուղղություն վերցրեք դեպի Երևանի Հանրապետության հրապարակ, հեղեղեք Երևանի և մյուս քաղաքների փողոցները»:Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև Սփյուռքին՝ նշելով, որ իրենց հաղթանակը փորձում են գողանալ. սա օրհասական պահ է, ասաց նա, այսօր հայ ժողովուրդը չի կարող տանուլ տալ իր հաղթանակը:Փաշինյանը դիմեց նաև ԱԺ բոլոր պատգամավորներին.«Ձեզնից շատերի հետ մենք անընդհատ եղել ենք քաղաքական բարիկադների տարբեր կողմերում, բանավիճել, բայց այստեղ չի լուծվում մեր անձնական հարաբերությունների հարցերը, այստեղ լուծվում է մեր ապագայի, Հայաստանի և Արցախի հաղթական ապագայի հարցը և հայ ժողովրդի հաղթանակին ձեր նպաստը բերելու համար ձեզնից պահանջվում է միայն կողմ քվեարկել ժողովրդի թեկնածուին և քանդել այն պատնեշը, որ գոյություն ունի ձեր և ժողովրդի միջև»,- հայտարարեց նա: