25.11.2024
Հայտնի է Վրաստանում վթարից տուժած եւ մահացած ՀՀ քաղաքացիների ինքնությունը
prev Նախորդ նորություն

Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. վարչապետ

Հայաստանում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա եւ դառնա երկրի տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը: Արտահանողների, նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կարեւորում է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածության ապահովումը:


«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան եւ լինեն մեր տնտեսության կարեւոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաեւ մշակվող արդյունաբերությանը աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցը այնքան էլ պարզ չէ, որովհետեւ որեւէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել , որ այդ աջակցությունը իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան եւ դառնան ավելի մրցունակ:


Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում , որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, եւ, որը նաեւ աջակցություն է դառնում այլ ոլորտների համար: Հակառակ դեպքում, եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, կստացվի, որ մենք այնպիսի քայլեր կանենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում` մենք ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որն արդյունքում ավելի շատ վնասներ կբերի, քան օգուտներ»,- շեշտեց Փաշինյանը:


Վարչապետի խոսքով` այդ է պատճառը, որ կառավարությունը նաեւ այս կարգի հանդիպումներ է կազմակերպում, որպեսզի կարողանան ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները եւ կարողանան դրանք ճիշտ կառավարել ու արձագանքել:


Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Փաշինյանը ասաց, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում շատ ճիշտ բանաձեւեր դրվեն:


«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկը աճում է եւ առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների շատ էական աճ է նկատվում: Այստեղ կարեւոր է , որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի եւ պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն», - եզրափակեց Փաշինյանը: