9.07.2025
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, Ֆոտո՝ Photolue
05.09.2018
Հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ. ինչպե՞ս են գրպանել պետության փողերը

Պետական վերահսկողական ծառայություն ամենամեծ ծավալի չարաշահումեները հայտնաբերել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր (ԲԷՑ) ընկերությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կառույցի ղեկավար Դավիթ Սանասարյանը խոսել է իր կառույցի բացահայտումների մասին: Նրա խոսքով, ԲԷՑ-ի տնօրենն արդեն ներկայացել է կառավարություն և պատրաստակամություն է հայտնել բյուջե վերադարձնել 140 մլն դրամ: «Իրենք վարչապետի հայտարարությունը լսել են, ինքնակամ եկել ու ասել են՝ կվճարենք», - ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ բացահայտվել է նաեւ դեպք, երբ ԲԷՑ-ի տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ԲԷՑ-ի աշխատողների միջոցով: «Այդ մարդիկ աշխատավարձ էին ստացել տնօրենի տունը կառուցելու համար, բայց դա չպետք է լիներ նրանց գործը: ԲԷՑ-ում ուսումնասիրությունները շարունակվում են, Հայաստանի պետական պարտքի զգալի մասն էներգետիկ ոլորտում է ծախսվել, և հիմա մենք հերթով նայում ենք այդ ոլորտը»,- հավելեց Սանասրյանը: Շարունակելով բացահայտումների թեման՝ Սանասարյանը նշեց, որ աղմկահարուց խախտումներից մեկը գրանցվել է Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ում՝ հիշեցնելով, որ հարուցվել է քրեական գործ: «Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ը պարտավորվել է մոտ 100 մլն դրամ վերադարձնել պետական բյուջե», - ասաց Պետական վերահսկողական ծառայության պետը: «Կա դեպք, երբ Սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է 70 մլն դրամ փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարելու համար, բայց ֆիլմերը նկարվել են Հ1-ի միջոցներով: Իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե այդ փողն ուր է գնացել: Սփյուռքի նախկին նախարարն իր աշխատակիցներով պետք է պարզաբանի, թե այդ ինչպես է այդպես ստացվել»,- նշեց Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ բոլոր խախտումներով մեղավորները պետք է արձանագրված գումարներից ավելի գումար վճարեն պետական բյուջե: «Պետությունն իրենց համար անտոկոս վարկի աղբյուր չէ», - հավելեց նա: Նա նաեւ խոսեց ընթացիք աշխատանքների մասին: «Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ագրարային համալսարանում եւ ունենք արդեն արդյունքներ», - ասաց բանախոսն ու հավելեց, որ ԵՊՀ-ում սկսել էին ուսումնասիրությունները, բայց ամռանը դադարեցրեցին, հիմա շարունակելու ենք: «ԵՊՀ-ից վերցրել ենք փաստաթղթերը, սակայն բուն ուսումնասիրության գործընթացը կսկսենք ավելի ուշ, երբ կավարտենք ագրարայիան համալսարանում ուսումնասիրությունները: Բոլոր բուհեր մտնելու ենք: Նաեւ ամփոփում ենք Էջմիածին քաղաքի ուսումնասիրությունները», - հայտարարեց նա՝ հավելելով, որ բոլոր այս կառույցներում, ըստ նախնական գնահատականների, հանցակազմ պարունակող իրավիճակներ կան, որոնց մասին կխոսեն իրավապահները: Սանասարյանը խոսեց նաեւ ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նա խոսքով, առաջին արդյունքը, որ ունեն ԲԷՑ-ին ծառայություն մատուցող մեկ ընկերության նախահաշվային արժեքը 40 մլն դրամով նվազեցվել է: «Այսինքն` նա շարունակելու է ծառայություն մատուցել, բայց 40 մլն դրամով ավելի նվազ արժեքով: ԲԷՑ-ը ինքնակամ 140 մլն դրամ առաջիկայում պետական բյուջե կվերադարձնի, իրենք ընդունել են այդ պարտավորությունը»: Նա ընդգծեց, որ առաջիկա օրերին ԲԷՑ-ից կվերադարձնեն մոտ 310 մլն դրամ, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, 210 մլն դրամ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, 1,5 մլն դոլար՝ ԲԷՑ-ին սպասարկող միջազգային կապալառու կազմակերպությունից, նաեւ 40 մլն դրամ եւս ԲԷՑ-ի հետ աշխատող կազմակերպությունից: Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի խոսքով, իրենց աշխատանքի կարգը հետեւյալն է: «Մենք ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնում են տվյալ կազմակերպությունների ղեկավարներին, վերջիններս գնահատական են տալիս: Դրա արդյունքում այդ կազմակերպություններն իրենք ցանկություն են հայտնում հատուցել պատճառված վնասը», - եզրափակեց նա: