Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է այն մասին, որ վարչապետի պաշտոնակառտար Նիկոլ Փաշինյանը բացահայտ խախտել է քարոզարշավի կարգը՝ այն դեռ չմեկնարկած, արդեն քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում: Ըստ Աշոտյանի հայտարարության, Նիկոլ Փաշինյանն օգտագործում է պետական ռեսուրսներն ու չարաշահում է պաշտոնական դիրքը: Արմեն Աշոտյանը գրել է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը: Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում: Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր "վարչապետական" այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը: Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից: Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»: