Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա, նաեւ գրել է. «Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը: Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ եւ շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում»: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չունի: