24.11.2024
Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ևս քննարկել են արտահերթ ընտրությունների անցկացումը
prev Նախորդ նորություն

Գյումրու դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմը վերանորոգվելուց հետո բացեց իր դռները

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմը վերանորոգվելուց հետո բացեց իր դռները հանդիսատեսի առաջ։ Միայն մարտ ամսին աճեմյանցիները բեմ դուրս կգան 12 ներկայացմամբ:


«Մհեր Մկրտչյան բեմն ու հանդիսատեսը առանձնահատուկ են, քանի որ այս բեմը ծառայում է նոր գաղափարների ու մտքերի արտահայտմանը։ Այստեղ բեմադրվում են այնպիսի ներկայացումներ, որոնք տարբեր են և բեմադրաոճով, և ասելիքով։ Ներկայացումը, որն այժմ դիտելու եք, պատրաստվում է մասնակցել մի քանի հեղինակավոր փառատոնների»,- ասում է Դրամատիկականի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։

Գյումրեցիներն արդեն դիտել են Հասմիկ Սուվարյանի «Հասմիկ» անանձնական մոնոներկայացումը, որը բեմադրվել է Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսի հիման վրա. երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանինն է:

«Սա պատմություն է, որը յուրաքանչյուր մարդունն է,–ներկայացումից հետո պատմում է դերասանուհի Հասմիկ Սուվարյանը,-ես ուզում եմ, որ հանդիսատեսը գա, նայի ներկայացումը ոչ թե իմ խաղը հավանելու համար, այլ գա, մաքրվի այն տհաճ հիշողություններից, որոնք խանգարում են իրեն լիարժեք ապրելու համար»։

Ներկայացման բեմադրող ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի կարծիքով «Հասմիկ»-ի ասելիքը շատ արդիական է․

«Յուրաքանչյուր մարդ ունի իր համար գծած սահմաններ, կարևորն այն է, որ հասկանանք, թե այդ սահմանների մեջ ինչպես ենք ապրում։ Այս ներկայացման ասելիքն այն է, որ եթե մարդն ունի ներքին հանգստություն, կկարողանա առաջ շարժվել․․․Ամեն դեպքում, ցանկացած պարագայում մարդը պետք է խնդիրը գտնի իր մեջ, ոչ թե արտաքին աշխարհում», -նշում է ռեժիսորը և հավելում, որ նախատեսվում է Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում ներկայացումների շարք, որոնք կրելու են տվյալ դերակատարի անունը: Սա ձևաչափ է, որը մշակվում է և հիմքն արդեն դրվեց «Հասմիկ» ներկայացմամբ։