24.11.2024
Որոնք են Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները․ նախարարի գրառումը
prev Նախորդ նորություն

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ու ՌԴ գյուղնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լեւինի հետ։


Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաեւ Անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական եւ սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։


Հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանրակարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության, խաղողագործության ու գինեգործության եւ այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։


Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի այցը ՌԴ՝ Սերգեյ Լեւինը կարեւորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը եւ նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման եւ փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թվականին կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել եւ կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։


Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։


Էկոնոմիկայի փոխնախարարը կարեւորել է նաեւ կարտոֆիլի սերմնաբուծությունը եւ ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության եւ հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլեւ իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։


Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաեւ այս բնագավառում վրացական եւ մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ եւ նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։


Քննարկված թեմաների թվում էր նաեւ երկկողմ համագործակցությունը խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։


Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման եւ առեւտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի եւ Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր եւ այլ միջոցառումներ։


Քննարկվել են նաեւ գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ եւ ռուս գործարար շրջանակների միջեւ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների եւ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։


Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը եւ առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաեւ ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը եւ Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաեւ գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ փոխգործակցության լայն հնարավորությունները։