24.11.2024
Մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, արժանահավատ չէ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ռազմական դրությունը պահպանվում է բացառապես քաղաքական դրդապատճառներով. ԲՀԿ

Ներկայիս ծավալներով ռազմական դրության գործողությունը չի համապատասխանում երկրում տիրող իրավիճակին։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ներկայացնելով խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած «Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը։


Նրա խոսքով, ռազմական դրության ռեժիմի գործողությունը լուրջ խոչընդոտ է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն ապահովելու համար, քանի որ թույլ չի տալիս քաղաքական լուծումներ ապահովել, պարունակում է որոշակի իրավական սահմանափակումներ: Նա նշել է, որ ռազմական դրության գործողությունների պայմաններում հնարավոր չէ ոչ գործող վարչապետի հրաժարականը, ոչ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Պատգամավորը հիշեցրեց, որ նշված երկու գործընթացները փոխկապակցված են։


Աբովյանն ընդգծել է, այն որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ պահանջում էր վարչապետի եւ կառավարության հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացում, եւս մեկ վկայություն է այն փաստի, որ ռազմական դրությունը չի կատարում իր առաջնահերթ գործառույթը: Նա վստահ է, որ գլխավոր շտաբում նույնպես շատ լավ էին գիտակցում ռեժիմի պահպանման քաղաքական ենթատեքստը, դրա համար էլ հանդես եկան նման պահանջով։


ԲՀԿ խմբակցության քարտուղարը համոզված է, որ ռազմական դրության ռեժիմի վերացումը բոլոր գործընթացները կտեղափոխի քաղաքական հուն: Նա նշել է, որ օրեցօր երկրում իրավիճակը սրվում է, տրամադրություններն ավելի արմատական են դառնում։ «Այստեղ խոսքը ոչ միայն և ոչ այնքան ընդդիմության պայքարի մեջ է։ Արմատական են դառնում հասարակական տրամադրությունները, հասարակության մեջ լարվածությունն աճում է, եւ դա շատ լուրջ վտանգներ է պարունակում», - կարծում է Աբովյանը։ Նա ընդգծեց, որ լարվածության թուլացման համար անհրաժեշտ են քաղաքական լուծումներ։