Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական շարունակվող ագրեսիայի, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, ռազմական գործողությունների կիզակետում հայտնված արցախահայության աջակցության մասին: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը թիրախավորելու առնչությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Անդրադարձ է եղել նաև սփյուռքի, հատկապես, Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային մարմինների միջև փոխգործակցության խորացմանը: