Ապրիլի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես եկավ ելույթով։ Իր ելույթում դեսպանն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվեց, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի աշխատանքը՝ ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում Արցախի խաղաղ բնակչությունը մատնվել էր իրական հումանիտար աղետի։ Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն հայտնեց մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու և Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղ ներթափանցելու դեպքերի առնչությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության և ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է, որն ուղեկցվում է հայկական մշակութային արժեքների նկատմամբ ավերածությունների և վանդալիզմի գործողությունների իրականացմամբ ու հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։ Նշվեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետական առաքելութան իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ տեղում ականատես լինելու հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացված ավերածություններին և վանդալիզմի այլ գործողություններին։ Դեսպանի կողմից վերահաստատվեց ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ։