Ապրիլի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը: Հանդիպման ընթացքում պատվիրակության խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քարտուղարը նաև մանրամասնել է բարեփոխումների ռազմավարական նպատակները՝ ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է: Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել են ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցության կարևորությունը: