1.11.2024
Հավանության արժանացավ Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ ԶՈւ կապի միասնական համակարգին
04.04.2022
Հավանության արժանացավ Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ ԶՈւ կապի միասնական համակարգին

Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների զինված ուժերի կապի միացյալ (միասնական) համակարգի մասին» համաձայնագրի վավերացման հարցին։ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ներկայացնելով փաստաթուղթը, տեղեկացրեց, որ այն ստորագրվել է 2020 թվականի մայիսի 29-ին Մոսկվայում։ Հայաստանը փաստաթղթին միացել է վերապահումներով, ըստ որի՝ երկիրն առանձին որոշում կկայացնի 2020 թվականի մայիսի 29-ից հետո փաստաթղթին միացած երկրների նկատմամբ փաստաթղթի դրույթների կիրառման վերաբերյալ իր մասով։ Նա պարզաբանել է, որ փաստաթղթին չեն միացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Հայաստանը ցանկացած պահի կկարողանա դուրս գալ Համաձայնագրից՝ 6 ամիս առաջ տեղեկացնելով այս որոշման մասին և փոխհատուցելով փաստաթղթի շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքների գումարները։ Փաստաթղթի դրույթների համաձայն՝ Ռուսաստանում կստեղծվի կապի կառավարման կենտրոն, և պետություններից յուրաքանչյուրը կաշխատի միայն այս կենտրոնի հետ, այսինքն՝ միայն Ռուսաստանի հետ։ «Այսինքն՝ ոչ մի այլ պետություն մուտք չի ունենա մեր հաղորդակցություններին, բացի Ռուսաստանից»,- վստահեցրեց փոխնախարարը։ Համաձայնագրի կողմերը կօգտագործեն անվտանգ հեռախոսային և տեսահաղորդակցության նոր ժամանակակից տեխնիկական հնարավորություններ։ Սույն փաստաթղթի շրջանակներում ստեղծված Զինված ուժերի կապի միասնական համակարգը կոչված է լուծելու հետևյալ խնդիրները. կապի պահանջվող ծառայությունների մատուցում և բոլոր տեսակի տեղեկատվության փոխանակման ապահովում զինված ուժերի կառավարման համակարգում և մասնակից պետությունների զինված ուժերի միջև, ԱՊՀ ձևաչափով ստեղծված ռազմական ոլորտում փոխգործակցության միասնական համակարգերի գործունեության ապահովում, ընդհանուր օգտագործման կապի ազգային ցանցերի և մասնակից պետությունների հատուկ նշանակության կապի ցանցերի հետ անհրաժեշտ համատեղելիության պահանջների կատարման ապահովում: Կապի համատեղ համակարգի համաձայնեցված զարգացումն ապահովելու նպատակով մասնակից պետություններն ապահովում են ռազմական կապի համակարգերի, համալիրների եւ միջոցների զարգացման շարունակականությունը՝ դրանց արդիականացման եւ գիտատեխնիկական դադարի իրականացման հիման վրա, ազգային եւ արտասահմանյան արտադրության կապի համալիրների եւ միջոցների մասնակից պետությունների զինված ուժերի համատեղելիությունը, համալիրների եւ կապի միջոցների միասնականացումն ու ստանդարտացումը եւ այլն։