Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Մ.Պ.-ի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Բ.-ն և Է.Ս.-ն օժանդակել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն:
Մասնավորապես՝ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է.Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ.Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն՝ ապահովել իր անձնական անվտանգությունը: Այնուհետև, Է.Ս.-ն և Հ.Բ.-ն՝ որպես անվտանգության աշխատակից և վարորդ, մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները: Այսպիսով, նրանք՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել, սակայն ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Արդյունքում, գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ:
2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշումները մեղադրանք ներկայացնելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Մինչ այս՝ 2022 թվականի մայիսի 20-ին, որոշում է կայացվել նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին ներգրավել որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հինգ առանձին դեպքերում վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, չարաշահել, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես, 2013-2015 թվականներին և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իր ծառայողական և անձնական կարիքները հոգալու համար նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից, իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար դուրս է գրել պետական բյուջեում մեկ ավտոմեքենայի պահպանման համար նախատեսված տարեկան ծախսը՝ 1 մլն 200 հազար դրամը գերազանցող քանակի ու գումարի բենզին: Արդյունքում, Մ.Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված ընդհանուր՝ 40 մլն 746 հազար 500 դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը:
Բացի այդ, Մ.Պ.-ն, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում իր մտերիմներին նշանակել է տարբեր պաշտոնների: Նրանք չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և պետական բյուջեի միջոցներից վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 39 հազար 668 դրամ:
Մ.Պ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն, վստահված անձանց միջոցով մասնակցել տարբեր՝ այդ թվում արտասահմանում հիմնադրված կազմակերպությունների կառավարմանը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այն չարաշահելով և անցնելով, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր և փոխկապակցված անձանց համար ստեղծել է տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար առավելություններ և բարենպաստ պայմաններ: Այնուհետև, թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 568 մլն 830 հազար դրամին համարժեք 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը՝ այդպիսով օրինականացնելով այն: