15.05.2025
Բագրատյանն առաջարկում է միավորված ՀՕՊ համակարգ ունենալու հարցը դնել հանրաքվեի
29.06.2016
Բագրատյանն առաջարկում է միավորված ՀՕՊ համակարգ ունենալու հարցը դնել հանրաքվեի

1995 թվականին Հրանտ Բագրատյանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաօդային համագործակցության պայմանագիրը, քանի որ ինքը դեմ չէ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը: Սակայն այսօր Հրանտ Բագրատյանը այն կարծիքին է, որ այդ համագործակցությունը պետք է լինի արժանապատիվ: Այս մասին պատգամավորը հայտարարեց Ազգային Ժողովում ընթացող «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ: Նրա խոսքով, երբ այն ժամանակվա իշխանությունները ստորագրել են այդ համաձայնագիրը, ռուսները նույնիսկ զարմացել էին, որ հայերը կարողացան ինքնուրույն ստեղծել այդ համակարգը: «Ռուսների հետ մեր հարաբերությունները հակասական են, բազմաթիվ դեպքերում ռուսները մեզ փրկել են, բայց նաև «քաշել» են: Եվ երբ ասում ենք՝ Ռուսաստանը մեր ռազմաստրատեգիական գործընկերն է, այո՛, մենք այդպես ենք համարում, բայց միշտ չէ, որ Ռուսաստանն էլ է այդպես համարում»,- հայտարարեց նա: Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, Բագրատյանի խոսքով, գրեթե 70 տոկոսով համագործակցության մասին է և հնարավոր է՝ մեծացնում է Հայաստանի հնարավորությունները: Բայց գործնականում պայմանագիրը կարող է շուռ գալ մեր դեմ, եթե, ըստ Բագրատյանի, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում լինի: «Ես առաջարկում եմ, համաձայն նոր Սահմանադրության 205 հոդվածի, այս հարցը դնել հանրաքվեի»,- հավելեց իր ելույթը ընդդիմադիր պատգամավորը: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: