Պուտին. Թուրքիան կզղջա ռազմական ինքնաթիռի խոցման համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասկանալի չէ, թե ինչու Թուրքիայի իշխանությունները որոշեցին խոցել ռուսական ռազմական օդանավը: «Երևի միայն ալլահը գիտի, թե ինչու նրանք դա արեցին: Հավանաբար ալլահը որոշեց պատժել Թուրքիայում կառավարող վարչախմբին՝ նրան զրկելով բանականությունից և խոհեմությունից», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Ընդգծելով, որ իր պատասխան քայլերում պաշտոնական Մոսկվան չի կորցնելու ողջամտությունը, Պուտինը շարունակել է․ - «Սակայն եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կատարելով ստոր ռազմական հանցագործություն՝ մեր մարդկանց սպանությունը, որպես պատասխան ստանալու է միայն լոլիկի վաճառքի արգելք կամ ինչ-որ արգելքներ, օրինակ, շինարարության ոլորտում, չարաչար սխալվում է»:
Թուրքական իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում Սիրիայում ռուս զինծառայողների զոհվելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա վստահեցրել է, որ Անկարան կզղջա տեղի ունեցածի համար:
Թուրքիայի իշխող վերնախավը դեռ շատ է ափսոսելու միջադեպի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահն իր ուղերձում: Միաժամանակ, նա հավելել է, որ հավասարության նշան չի դնում թուրք ժողովրդի և Թուրքիայի իշխանությունների միջև: «Թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր և տաղանդավոր», - ասել է Պուտինը:
Նա այսօր իր ելույթում մեծ տեղ է հատկացրել նաև գյուղատնտեսությանը, գործարար մթնոլորտին, սոցիալական մի շարք խնդիրների: Նախագահի ամենամյա ուղերձը համարվում է ռուսաստանյան քաղաքական կյանքի հիմնական իրադարձություններից մեկը, որի ժամանակ երկրի ղեկավարն ուրվագծում է Ռուսաստանի հետագա զարգացման ռազմավարությունը: Սա Վլադիմիր Պուտինի արդեն 12-րդ ուղերձն էր: