Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ, շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցում:
Նախարարությունն ամփոփել է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափում՝ հիշեցնելով տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները: Այդպես, նշվում է, որ 2017 թվականին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում` փետրվարի 16-ին Մյունխենում, ապրիլի 28-ին՝ Մոսկվայում, հուլիսի 11-ին` Բրյուսելում, սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում, դեկտեմբերի 6-ին` Վիեննայում:
«Նախարարների միջև հանդիպումները և համանախագահների գործուն միջնորդական ջանքերը հնարավորություն են ընձեռել 16 ամսվա ընդմիջումից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Ժնևում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի շրջանակում մոտ չորս տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, նշվել է ձեռք բերված պայմանավորվածության մասին` ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով, այն նույն քայլերը, որոնց մասին ասվում էր 2016 թվականի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և որոնց նկատմամբ Հայաստանը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Սակայն Բաքուն, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած գործելաոճին, գագաթաժողովից անմիջապես հետո վերսկսեց իր անհիմն մեղադրանքները և ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասված է հաշվետվության մեջ:
Տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է 1994-95 թվականներին կնքված եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանի երկայնքով նախաձեռնել է սադրանքների և դիվերսիոն գործողությունների նոր ալիք, ինչը հանգեցրել է կորուստների նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ: Բաքուն շարունակել է իր զինված ուժերի հենակետերն ադրբեջանական բնակավայրերում ու դրանց անմիջական հարևանությամբ տեղակայելու և այդտեղից սադրանքներ նախաձեռնելու՝ խստորեն դատապարտելի իր գործելաոճը:
Ըստ այդմ, հիշատակված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությանը, որին հանգեցրել են Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման ուղղությամբ շարունակաբար ձեռնարկվող գործողությունները: Զեկույցում շեշտված է, որ Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, և այդ օրինակներն իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմի վստահելիությունը:
2017 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընդունվել է 14 հայտարարություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացրել են երեք տարածաշրջանային այց՝ մարտի 27-ին, հունիսի 10-ին և հոկտեմբերի 6-ին, որոնց շրջանակներում Երևանում համանախագահներին ընդունել է հանրապետության նախագահը, կայացել են, հանդիպումներ նաև ԱԳ նախարարի հետ:
Նոյեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի կողմից ընդունվել է ԵՄ Խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական արտաքին գործողության ծառայությանն ուղղված՝ Արևելյան գործընկերության Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ առաջարկությունների վերաբերյալ բանաձև, որում, ի թիվս
այլ կետերի, վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց կողմից 2009թ. Առաջարկված հիմնարար սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ ամրագրվել է Մինսկի խմբի համանախագահներին և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք նրանց կողմից առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին աջակցության մասին դրույթը։
Ղարաբաղյան հակամարտության մասով հաշվետվության եզրահանգման մեջ նշվում է, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների ջանքերին՝ Արցախ այցելող արտերկրի օրենսդիր մարմինների անդամների, հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների, բլոգերների և զբոսաշրջիկների թիվն աճել է: