25.11.2024
ՀՔԾ-ն քրգործեր է հարուցել ոստիկանության և Քննչական կոմիտեի պաշտոնյաների նկատմամբ
prev Նախորդ նորություն

«Պիտի ծխենք». երբ կառավարությունը ծնում է ֆարս

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի հանրությունը ակտիվ քննարկում է նոր նախագիծ, որով ծխելու դեմ պայքարը նոր թափ է առնում՝ նախատեսելով խոշոր դրամական տուգանքներ այն անձանց, ովքեր կծխեն դրա համար չնախատեսված վայրերում:


Հիշեցնենք, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար նախագիծն առաջարկում է սահմանել հետևյալ տուգանքները. հանրային վայրերում ծխելու համար՝ 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ, հատիկով ծխախոտ վաճառելու համար՝ 300 հազար դրամ, և այլն։


Խնդիրը շարունակում է ռեզոնանսային մնալ և ոչ այնքան այն պատճառով, որ ծխողները պայքարի են ելել իրենց կախվածություն-նախասիրություն-հաճույքն այսուհետ ևս ազատ տնօրինելու և դրա համար չտուգանվելու համար, այլ որովհետև բոլորն էլ հասկանում են, որ պայքարը ծխելու դեմ ճիշտ գաղափար է և վաղուց հասունացել է դրա գործնական կիրառումը: Այլ հարց է, որ նման ռադիկալ մեթոդներով այն լրացուցիչ զայրույթ է առաջացնում անգամ նրանց շրջանում, ովքեր չեն ծխում: Հասկանալի է՝ լավագույն պայքարը մարդու գրպանին կպնելն է, բայց միևնույն ժամանակ պետք չէ կորցնել իրականության զգացումը... թեպետ հայրենի կառավարությունը այն վաղուց է կորցրել, բայց մենք շարունակում ենք շարունակել զարմանալ:


Ամենից զատ, նախագիծը նաև զուգահեռների առիթ է տալոիս այլ ոլորտներում նախատեսված տուգանքների չափերի հետ. շատերը նշում են, որ ծխողների համար նախատեսված տուգանքները անհամաչափ բարձր են, մինչդեռ որոշ տեղերում դրանք, հակառակը, ավելի ցածր են, թեպետ ավելի կարևոր խնդիրների հետ գործ ունենք: Երբեմն նաև՝ մարդկային կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների հետ:


Խնդրին անդրադարձել է նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը.


«Հասարակական տարբեր վայրերում ծխելու համար առաջարկվում է պատիժ 50.000 մինչև 700.000 ՀՀ դրամ՝ ասվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծում։ Այն դեպքում, երբ օրինակ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար կարող է նախատեսվել պատիժ՝ տուգանք 50.000-150.000 ՀՀ դրամի չափով (ՀՀ ՔՕ 117 հոդված), ծեծի համար՝ 100.000 ՀՀ դրամի չափով (ՀՀ ՔՕ 118 հոդված), գողության համար՝ 100.000-400.000 ՀՀ դրամի չափով (ՀՀ ՔՕ 177 հոդված) և այլն։

Տվյալ պարագայում ակնհայտ է, որ հանրության համար առավել փոքր վտանգավորություն ներկայացնող արարքի, օրինակ՝ հանրային վայրում ծխելու համար, չի կարող ավելի խիստ պատիժ նախատեսվել, քան առավել մեծ վտանգավորություն ներկայացնող արարքների՝ հանցագործությունների համար։ Դրանով խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքը։

Հարցն ինքին սպառնում է դառնալ հասարակական լուրջ խնդիր։ Առանց ծխախոտ մարդու ապրելակերպն անշուշտ անհամեմատ ավելի առողջ է դառնում, բայց նաև զգուշավորություն է պետք ցուցաբերել ծխողների՝ որպես քաղաքացիների ունեցած իրավունքների հանդեպ։ Առհասարակ օրենքի նախագիծն իր այս տարբերակով իրավահավասար չէ։ Անտրամաբանական է, երբ քրեական օրենսգրքով սահմանված որոշ պատժամիջոցներ ավելի մեղմ են քան վարչական իրավախախտումների համար նախատեսված պատիժները։

Իտալիայում ու Գերմանիայում տուգանքը 25֊250 եվրո է, Ֆրանսիայում` 70-170 եվրո, Հունաստանում` 50-200 եվրո։
Ընդ որում նման դեպքում հարկավոր է հաշվարկել մեր երկրի սոցիալական վիճակն ու այն փաստը, որ 55.000 դրամ ֆիքսված նվազագույն աշխատավարձի պայմաններում անտրամաբանական է մինչև 700.000 դրամ տուգանք սահմանելը։
Այն դեպքում, երբ նույն Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1.500 եվրո, Ֆրանսիայում` 1.400 եվրո, Հունաստանում` 700 եվրո»,- Facebook-յան իր էջում գրառել է չծխող պատգամավորը:


Իրավիճակը նաև որոշակիորեն զավեշտի է վերածվում. ծխողները փետրվարի 1-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագծին: Այս նախագծի դեմ բողոքողները ստեղծել են «Պիտի ծխենք » նախաձեռնություն՝ նշելով, որ իրենք հարգում են չծխողների իրավունքները և տուգանքը չէ, որ պետք է ծնի հարգանք: Եվ ահա փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին նրանք այդ մասին կբարձրաձայնեն մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց:


Հայաստանյան առօրյան, ինչպես հայտնի ասացված՝ բարի ցանկություններով՝ ճանապարհ դեպի դժոխք:


Մնում է միայն նշել, որ նախագծի հեղինակները չեն բացառում, որ տուգանքի աստղաբաշխական թվերը կարող են նվազել քննարկումների ընթացքում, բայց գաղափարը՝ տուգանել օրենքը չհարգող ծխողներին միևնույն  է կգործի: